Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տեղի ունեցավ «Տնտեսական սոցիոլոգիա» գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «Տնտեսական սոցիոլոգիա» գրքի շնորհանդեսը
03.07.2014 | 11:10

Հուլիսի 2-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տնտեսական սոցիոլոգիա» գրքի շնորհանդեսը: Ուսումնական ձեռնարկի հեղինակներն են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, սոց. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար, սոց. գիտ. թեկնածու Արտաշես Բախշյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, համալսարանականներ և այլ հյուրեր:
Ուսումնական ձեռնարկի հեղինակներին և մասնակիցներին նախ ողջունեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, այնուհետև ողջույնի խոսք ասած Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը:
«Ուրախալի է, որ այսօր հենց ուսումնական ձեռնարկի շնորհանդես է, քանի որ նմանաբնույթ դասագրքերը մեծ դեր ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման գործում: Շնորհակալ եմ հեղինակներին իրենց նախաձեռնության համար, վստահ եմ, որ այս աշխատությունն օգտակար կլինի ոչ միայն Սոցիոլոգիայի և Տնտեսագիտության, այլև մյուս ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և, ինչու ոչ, նաև դասախոսների համար»,- ասաց Արթուր Մկրտիչյանը:
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն էլ հավելեց, որ Մայր բուհում դասագրքերի ստեղծմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, հատկապես հայերենով գրված, ոչ միայն ողջունելի է, այլև գտնվում է բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
«Այսօր հնարավոր չէ լավ մասնագետներ պատրաստել, եթե չկա միջառարկայական լավ զինանոց: Գիտության ճյուղերը փոխկապակցված են, և այդ կապերն էլ ավելի պետք է զարգացնել: Այո՛, ներկայումս չես կարող լավ տնտեսագետ լինել, եթե չես ուսումնասիրել սոցիոլոգիա, լեզուներ, պատմություն և այլ ոլորտներ»,- նշեց պարոն Սարգսյանը:
Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Արմեն Սահակյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին գրքի շնորհանդեսին մասնակցելու, ջերմ խոսքերի, կարծիքների և նկատառումների համար. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մայր բուհի և Սոցիոլոգիայի ֆակուլտետի ղեկավարությանն աջակցության համար: Հուսով եմ, որ մեր համեստ աշխատանքն իր արժանի տեղը կգտնի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման գործում: Եվ չնայած արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանում չեմ ապրում ու գործում, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ գրքի առաջին շնորհանդեսը հենց հարազատ բուհում է տեղի ունենում, ուրախ եմ, որ գնահատվում եմ իմ հայրենակից գործընկերների կողմից»:
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանն էլ հավելեց, որ տնտեսագիտության ոլորտի ժամանակակից մոտեցումները, նոր առաջարկներն ու կանոնների կիրառումը, միտումների վերլուծությունը և համապատասխան եզրահանգումների գալը շատ հաճախ գործնական դաշտում մի շարք դժվարություններ են առաջ բերում:
«Տվյալ գրքի բովանդակության ճիշտ ընկալումը, ինչպես նաև տնտեսագիտության ներկայիս իրավիճակի դժվարությունների համադրությունն ինձ դրդեց մասնակցել գրքի հայերեն թարգմանության աշխատանքներին: Մի շարք դժվարություններ ծառացան մեր առջև, սակայն ուրախ եմ, որ դրանք հաղթահարված են: Արդյունքը, անկասկած, գոհացնող է, ինչի համար շատ ուրախ եմ: Երախտապարտ կլինեմ, եթե քննարկումների արդյունքում ներկայացնեք բոլոր բացթողումներն ու թերությունները, որոնք, կարծում եմ, կշտկվեն գրքի հետագա հրատարակությունների ընթացքում»,- ասաց փոխնախարարը:
Պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ հեղինակների ցանկության դեպքում ուսումնական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը կարող է տեղադրվել ԵՊՀ վեբկայքում, ինչը թույլ կտա աշխատությունը հասանելի դարձնել ընթերցողների ավելի լայն զանգվածի համար:

Դիտվել է՝ 2591

Մեկնաբանություններ